Իսրայելի հարավային Արադ քաղաքում հրթիռային հարվածի վայր այցելության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաշխարհային առաջնորդներին կոչ է արել իրենց երկրները ներգրավել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան համատեղ ռազմական արշավում՝ հիշատակելով անցած հանգստյան օրերին Թեհրանի կողմից Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան «Դիեգո Գարսիա» ռազմաբազայի ուղղությամբ արձակված հրթիռը, հայտնում է Times of Israel-ը:
«Նրանք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել «Դիեգո Գարսիայի» ուղղությամբ… Այժմ նրանք հնարավորություն ունեն հասնելու Եվրոպայի խորքերը։ Նրանք բոլորին պահում են նշանառության տակ։ Եվ [նրանք] փակում են միջազգային ծովային երթուղին, էներգետիկ երթուղին և փորձում են շանտաժի ենթարկել ողջ աշխարհը», – հավելել է նա՝ նկատի ունենալով Իրանի կողմից նավթային առանցքային զարկերակի՝ Հորմուզի նեղուցի փակումը։
«Ժամանակն է տեսնել, թե ինչպես են միանում մյուս երկրների առաջնորդները», – ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ որոշ երկրներ սկսում են քայլեր ձեռնարկել արշավին միանալու ուղղությամբ՝ չհստակեցնելով, թե հատկապես ովքեր և ինչ կարգավիճակով, միայն հավելելով, որ «ավելին է պահանջվում»։
Նեթանյահուն նաև դատապարտել է իրանական հարձակումները Երուսաղեմի սրբավայրերի մոտակայքում։
«Նրանք գնդակոծել են Երուսաղեմը՝ երեք միաստվածական կրոնների սրբավայրերի՝ Լացի պատի, Սուրբ Հարության տաճարի և Ալ Աքսա մզկիթի անմիջական հարևանությամբ: Հրաշքով դրանցից ոչ մեկը չի վնասվել, սակայն նրանց թիրախը երեք հիմնական միաստվածական կրոնների սրբավայրերն էին», – ասել է նա։
Լրագրողի հարցին, թե որն է լինելու իր պատասխանը Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա Իրանի հարձակումներին, վարչապետը պատասխանել է. «Մենք մեծ ուժ ենք կիրառում, բայց ոչ քաղաքացիական բնակչության դեմ։ Մենք թիրախավորում ենք վարչակարգը։ Մենք հետապնդելու ենք ԻՀՊԿ-ին՝ այդ հանցավոր խմբավորմանը, հետապնդելու ենք անձամբ նրանց առաջնորդներին, նրանց օբյեկտները, տնտեսական ակտիվները: Մենք նրանց հետապնդելու ենք ամենավճռական կերպով»։
