ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում ընթացող սաուդյան «Future Investment Initiative» ներդրումային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում պարծեցել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակով։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Թրամփի հայտարարությունները վերաբերել են Մերձավոր Արևելքին առնչվող մի շարք հարցերի։

«47 տարի շարունակ Իրանը Մերձավոր Արևելքում հայտնի է եղել որպես խուլիգան, բայց նա այլևս խուլիգան չէ։ Նրանք փախուստի մեջ են», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը կրկնել է, որ եթե Միացյալ Նահանգները «դուրս չմղեին» Իրանին, ապա այդ երկիրն արդեն «երկուսից չորս շաբաթվա ընթացքում» միջուկային զենք կունենար։

«Նրանք դա կօգտագործեին Ձեր, Իսրայելի և բոլոր մնացածի դեմ», – ասել է նա՝ դիմելով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին։

Թրամփը նաև ենթադրել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն իր երկրորդ վարչակազմի օրոք թերագնահատել է իրեն։ «Վերջերս մենք միասին էինք, և նա նայեց ինձ ու ասաց. «Գիտե՞ս, սա զարմանալի է, ընդամենը մեկ տարի առաջ դուք մեռած երկիր էիք, իսկ հիմա աշխարհի ամենաթեժ երկիրն եք»։ Նա չէր կարծում, որ դա տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Սալման թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ ունեցած իր մասնավոր հանդիպումները։

Այնուհետև Թրամփը փոխել է տոնը՝ կոպիտ արտահայտվելով երկրի ղեկավարների հասցեին:

«Նա չէր կարծում, թե ստիպված կլինի համբուրել հետույքս: Իրականում նա դա չէր անում: Նա կարծում էր, որ ես կլինեմ հերթական անհաջողակ ամերիկյան նախագահը, որի երկիրը գնում է դեպի կործանում: Բայց հիմա նա պետք է բարյացակամ լինի իմ նկատմամբ: Ասե՛ք նրան, որ բարի լինի իմ հանդեպ»,- դիմել է նա ներկաներին:

Share.