ՆԱՏՕ-ն հարվածներ կհասցնի Ռուսաստանի տարածքի խորքին, եթե Մոսկվան որոշի հարձակվել Բալթյան երկրների վրա։ Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։ «Մենք պատերազմը կտեղափոխենք Ռուսաստան։ Մենք հստակ գիտենք՝ ինչ անել», — ասել է Ցախկնան։ Նրա խոսքով՝ այժմ տարածաշրջանի երկրները ՀՆԱ-ի 5%-ն ուղղում են ազգային պաշտպանությանը՝ արևելքից հնարավոր հարձակմանը պատրաստվելու համար, և արդեն իսկ ի վիճակի են հակահարված տալ Ռուսաստանին։

Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի նախկին պաշտպանական պլանները թույլ էին տալիս մի սցենար, ըստ որի ռուսական բանակը կարող էր գրավել Բալթյան երկրները նախքան դաշինքի հետ պատերազմում պարտություն կրելը։ Սակայն Էստոնիային դա երբեք չի գոհացրել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը մտնի Բալթյան երկրներ և [միայն] դրանից հետո հակահարված տալ», — պարզաբանել է Ցախկնան։ Նա հավելել է, որ դաշինքն արդեն ունի պաշտպանության նոր պլաններ, որոնց նպատակն է հիմնական մարտական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանի հնարավոր գործողություններին պատասխանը, որն ուղղված է Սուվալկիի միջանցքի զավթմանը, կլինի «կործանարար»։ Այս միջանցքը համարվում է դաշինքի ամենախոցելի կետերից մեկը, քանի որ այն միակ ցամաքային ուղին է, որը կապում է Լիտվան, Լատվիան և Էստոնիան ՆԱՏՕ-ի եվրոպական մյուս դաշնակիցների հետ։

Դեկտեմբերին «Welt» մեդիաընկերությունը կազմակերպել էր «ռազմական խաղեր»՝ ՆԱՏՕ-ի փորձագետների և նախկին զինվորականների մասնակցությամբ, որոնց ընթացքում դիտարկվել է ռուսական զորքերի Լիտվա ներխուժման սցենարը։ Սիմուլյացիայի շրջանակներում 15 հազարանոց զորախումբը գրավել է լիտվական Մարիյամպոլե քաղաքը, որը Սուվալկիի միջանցքի մոտ գտնվող կարևոր տրանսպորտային հանգույց է։ Ընդ որում, ԱՄՆ-ը չի կիրառել ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը, քանի որ խաղի սցենարով Մոսկվան ներխուժումը ներկայացրել է որպես հումանիտար առաքելություն՝ ուղղված Կալինինգրադի ճգնաժամի լուծմանը։ Գերմանիան և Լեհաստանը նույնպես անվճռականություն են դրսևորել և զորք չեն ուղարկել Լիտվա։ Արդյունքում ռուսական զորախումբը մի քանի օրում գերիշխող դիրքեր է ապահովել Մերձբալթյան երկրներում։

Հունվարի վերջին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Լեհաստանին կոչ է արել միանալ Սուվալկիի միջանցքի ռազմականացման նախագծին։ Խոսքը Լիտվայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների հատման կետում գտնվող Կապչյամեստիս քաղաքում կառուցվող ռազմական պոլիգոնի մասին էր, որտեղ բրիգադային զորավարժություններ են անցկացվելու հազարավոր զինվորների, այդ թվում՝ Լիտվայի ազգային դիվիզիայի և ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի մասնակցությամբ։

Share.