Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ՆԱՏՕ-ի դերակատարություն չի տեսնում Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման հարցի լուծման գործում։

«Ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն որևէ որոշում կայացրած լինի այս ուղղությամբ կամ կարողանա պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար», — Բրյուսելում ԵՄ նախարարների մակարդակով հանդիպումից առաջ լրագրողներին ասել է նա: — «Եթե դա այդպես լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան կերպով կզբաղվեին այդ հարցով»:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ապագայի համար «շատ վատ» կլինի, եթե դաշինքի անդամ երկրները չօգնեն վերաբացել Պարսից ծոցում արդյունահանվող նավթի տարանցման կարևորագույն երթուղի հանդիսացող նեղուցը։

Թրամփը ցանկանում է ստեղծել «մոտ յոթ» երկրներից բաղկացած կոալիցիա, որոնք նավթ են գնում Ծոցից (նա հիշատակել է Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան), որպեսզի վերջիններս ռազմական նավեր տրամադրեն Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Ներկայումս այն փաստացի վերահսկվում է Իրանի կողմից:

Share.