ԱՄՆ-ի կողմից շրջափակումն սկսելուց անմիջապես հետո Վաշինգտոնի պատժամիջոցների տակ գտնվող առնվազն երկու նավ է անցել Հորմուզի նեղուցով։
Մալավիի դրոշի ներքո հանդես եկող Rich Starry նավթաքիմիական տանկերը ապրիլի 14-ին հատել է նեղուցը և այժմ ուղևորվում է դեպի օմանյան Սոհար նավահանգիստ։ Նավը պատկանում է չինական Shanghai Xuanrun Shipping Co Ltd ընկերությանը և սեփականատիրոջ հետ միասին 2023 թվականից գտնվում է ԱՄՆ-ի «սև ցուցակում»՝ Իրանին պատժամիջոցները շրջանցելու հարցում ենթադրյալ աջակցություն ցուցաբերելու համար։ Reuters-ի տվյալներով՝ նավի վրա կա Արաբական Միացյալ Էմիրություններում բեռնված 250 հազար բարել մեթանոլ։ Անձնակազմը հիմնականում բաղկացած է Չինաստանի քաղաքացիներից։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Elpis տանկերը նույնպես անցել է նեղուցով։ Այս նավը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ՝ «ստվերային նավատորմի» կազմում իրանական նավթի առևտրին մասնակցելու համար։
Շրջափակումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ի երեկոյան։ Այն տարածվում է բոլոր այն նավերի վրա, որոնք առնչություն ունեն իրանական նավահանգիստների և մերձափնյա շրջանների հետ։ Գործողության մեկնարկից ժամեր առաջ Պենտագոնը նախազգուշացրել էր նավաստիներին, որ առանց թույլտվության շրջափակման գոտի մտած նավերը կարող են կալանավորվել։
