Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված նախկին աշխարհակարգը փաստացիորեն դադարել է գոյություն ունենալուց։ Նա այս մասին հայտարարել է Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովում իր բացման ելույթում։
Գերմանիայի կառավարության ղեկավարի համոզմամբ՝ գոյություն ունեցող համաշխարհային անվտանգության համակարգը փլուզման եզրին է։ «Վախենամ՝ մենք պետք է ավելի հստակ արտահայտվենք. երբեմնի աշխարհակարգը, որքան էլ այն անկատար լիներ նույնիսկ լավագույն ժամանակներում, այլևս գոյություն չունի»,- ընդգծել է նա։
Մերցը շեշտել է, որ միջազգային իրավիճակը մտել է նոր փուլ, որը բնութագրվում է բաց պատերազմների և հակամարտությունների աճով։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցող գործընթացները մեծացնում են պետությունների միջև լարվածությունը և փոխում համաշխարհային հավասարակշռությունը շատ ավելի արագ, քան նախկինում սպասվում էր։
Մյունխենի անվտանգության համաժողովը անցկացվում է փետրվարի 13-15-ը Բավարիայի մայրաքաղաքում: 1963 թվականից ի վեր այն ծառայել է որպես հարթակ միջազգային անվտանգության հիմնական հարցերի քննարկման համար՝ քաղաքական գործիչների, զինվորականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ 2026 թվականին միջոցառմանը կմասնակցեն 115 երկրներից ավելի քան հազար ներկայացուցիչներ։
