Նախկին գեղեցկության թագուհի Կարոլինա Ֆլորես Գոմեսին մահացած են գտել իր Մեխիկոյի բնակարանում՝ գլխի հրազենային վնասվածքով:
Reporte Indigo-ի փոխանցմամբ՝ քննիչները իրենց ուշադրությունը կենտրոնացնում են նրա սկեսուրի վրա:
Մեխիկոյի դատախազությունը գործը որակել է որպես կանխամտածված սպանություն:
Բախա Կալիֆոռնիայում 2017 թվականի «Միսս Teen Universe» տիտղոսը նվաճած Գոմեսը, ենթադրաբար, սպանվել է ապրիլի 15-ին: Ոստիկանությունը հայտնում է, որ ողբերգության պահին նա տանը եղել է ամուսնու՝ Ալեխանդրո Գոմեսի և նրա մոր՝ Էրիկա Մարիայի հետ:
Հատկապես ուշագրավ է, որ կրակոցների մասին հաղորդվել է միայն ապրիլի 16-ին՝ ենթադրյալ սպանությունից մեկ օր անց: Սա հարցեր է առաջացրել ոստիկանությանը կրակոցների մասին հաղորդելու ուշացման վերաբերյալ:
Գոմեսը նշել է իր ծննդյան օրը մահից կարճ ժամանակ առաջ. նա ծնվել է 1999 թվականի ապրիլի 4-ին՝ Էնսենադայում: Նահանգապետ Մարինա դել Պիլար Ավիլան հայտարարել է, որ այս գործի քննությունը առաջնահերթություն է: «Կանանց նկատմամբ կատարված ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա։ Այս դժվարին պահին մենք մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին»։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մեքսիկայում՝ կանանց նկատմամբ բռնության և զոհերի համար արդարադատության բացակայության վերաբերյալ հասարակական դժգոհության աճի ֆոնին։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պահանջում են, որ դեպքը վերաորակվի որպես կնասպանություն՝ հանցագործություն, որը ՄԱԿ-ի Կանանց գրասենյակը սահմանում է որպես «դիտավորյալ, սեռական պատկանելության հիման վրա կատարված սպանություն»։
