Իսլանդիայի ազգային հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպումը, որն ավարտվեց արգենտինացիների վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով, հիշարժան դարձավ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսիի համար, որը շուտով կնշի իր 39-ամյակը։
Լեգենդար ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում անցկացրեց իր 199-րդ հանդիպումը և հեղինակեց իր 117-րդ գնդակը։ Սակայն այս գոլի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Մեսսին դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության գոլի հեղինակ ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով տասնամյակներ շարունակ անառիկ ցուցանիշը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Անխել Լաբրունային, որը դեռևս 1957 թվականին գրավել էր Բրազիլիայի հավաքականի դարպասը՝ լինելով 38 տարեկան, 9 ամսական և 10 օրական։
