«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին կիսվել է իր տպավորություններով կատալոնական ակումբի նախկին թիմակից, լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
Ֆրանսիացի պաշտպանը բարձր է գնահատել արգենտինացու թե՛ մարդկային, թե՛ պրոֆեսիոնալ որակները.
«Որպես մարդ՝ Մեսսին պարզապես հիանալի է: Նրա կողքին հասկանում ես՝ նույնիսկ եթե հաղթել ես ամեն ինչ, իմաստ չկա քեզ մյուսներից վեր դասել: Նա եզակի է: Լեոն միակն է, ով ընդունակ է միայնակ հաղթել խաղը. քչերին է դա հասու: Եթե մենք հաղթում էինք 4:0 հաշվով, բայց նա գոլ չէր խփում, դժգոհ էր մնում: Նրա մտքում հստակ էր՝ նա պետք է միշտ գոլ խփի: Դա մեծագույններին բնորոշ գիծ է»,- Ումտիտիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ումտիտին նաև նշել է Մեսսիի խաղային բացառիկ տեսողությունն ու անկանխատեսելիությունը.
Ումտիտիի բնորոշմամբ՝ Մեսսին իսկական «մարդասպան» է մրցակցի դարպասի առջև, ով հիանալի զգում է խաղի ռիթմը՝ հստակ գիտակցելով, թե երբ է պետք արագացնել գրոհը և երբ՝ դանդաղեցնել այն:
Ֆրանսիացի պաշտպանը հատուկ ընդգծել է Լեոյի բացառիկ խաղային ինտելեկտը. նա անդադար վերահսկում է իրավիճակը դաշտում՝ հայացքով ստուգելով բոլոր խաղացողների դիրքերը, ինչի շնորհիվ միշտ ժամանակի առավելություն է ստանում մրցակիցների նկատմամբ:
Ինչ վերաբերում է նրան կանգնեցնելուն, ապա Ումտիտին խոստովանել է, որ Լեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունի, քանի որ արգենտինացին իր գործողություններում պարզապես անկանխատեսելի է։
Հիշեցնենք, որ Ումտիտին և Մեսսին միասին հանդես են եկել «Բարսելոնայում» 2016-ից 2021 թվականներին՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ Իսպանիայում:
