JPMorgan-ը կանխատեսում է, որ մինչև 2026 թվականի վերջը ոսկու գինը (մեկ ունցիայի համար) կհասնի 6,300 դոլարի, չնայած այն հանգամանքին, որ անցած ուրբաթ թանկարժեք մետաղը գրանցել էր իր ամենակտրուկ մեկօրյա անկումը՝ 1983 թվականից ի վեր:
Երկուշաբթի օրը ոսկու ֆյուչերսները նվազել են 0,9%-ով՝ շարունակելով անկումը այն լուրերից հետո, թե նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Դաշնային պահուստային համակարգի (Fed) ղեկավարի պաշտոնում առաջադրել ԴՊՀ նախկին անդամ Քևին Ուորշի թեկնածությունը։ Սա սպասված ընտրություն է եղել, որը հանգստացրել է ներդրողներին:
Այնուամենայնիվ, JPMorgan-ը կանխատեսում է, որ ոսկու գները մինչև 2026 թվականի վերջը կհասնի 6,300 դոլարի, քանի որ ներդրողներն ու կենտրոնական բանկերը շարունակում են գնել այս «ապահով հանգրվան» համարվող ակտիվը:
Բրոքերային ընկերությունը հայտարարել է, որ այս տարի կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների ծավալը կկազմի շուրջ 800 տոննա:
«Նույնիսկ հաշվի առնելով վերջին շրջանի կարճաժամկետ տատանողականությունը, մենք հաստատակամ ենք մնում ոսկու միջնաժամկետ աճի հարցում՝ հիմնվելով դիվերսիֆիկացման հստակ, կառուցվածքային և շարունակական միտման վրա, որը դեռևս չի սպառվել ֆինանսական ակտիվների նկատմամբ իրական ակտիվների գերակայության կայուն միջավայրի ֆոնին», – ասված է բանկի երկուշաբթի օրվա զեկույցում:
Ոսկին շարունակում է ռեկորդային ժողովրդականություն ձեռք բերել 2025 թվականից հետո. ըստ World Gold Council-ի տվյալների՝ սահմանվել է 53 նոր պատմական առավելագույն ցուցանիշ, իսկ պաշարները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են 5,000 տոննան:
2025 թվականին միջին տարեկան գինը մեկ ունցիայի համար հասել է 3,431 դոլարի, ինչը 44%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից:
Deutsche Bank-ը նույնպես հաստատել է ոսկու գնի կանխատեսումը՝ մինչև 2026 թվականի վերջը հասցնելով այն 6,000 դոլարի, իսկ UBS-ն ու Société Générale-ը կանխատեսում են համապատասխանաբար 6,200 և 6,000 դոլարներ:
Ավելի վաղ Morgan Stanley-ն, Goldman Sachs-ը և Citi-ն կանխատեսել են, որ այս տարի մեկ ունցիայի գինը կկազմի համապատասխանաբար 5,700, 5,400 և 5,000 դոլար:
Ներդրողները հաճախ ոսկի են գնում որպես պաշտպանություն՝ գնաճից և տնտեսական անկայունությունից, քանի որ այն պահպանում է իր արժեքը նույնիսկ այն ժամանակ, երբ այլ ակտիվները կորցնում են այն:
2025 թվականին ոսկու գների աճը պայմանավորված է եղել Թրամփի սահմանած մաքսատուրքերի շուրջ մտահոգություններով, գնաճի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ, համառորեն բարձր տոկոսադրույքներով, ԱՄՆ դոլարի թուլացմամբ, անցյալ տարվա կառավարության աշխատանքի ռեկորդային դադարեցմամբ և աշխատաշուկայի դանդաղ տեմպերով:
Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում ակտիվորեն գնում են ոսկի՝ չնայած բարձր գներին. հավանաբար որպես նախազգուշական միջոց Ուկրաինայի պատերազմի և Գազայի հակամարտության ֆոնին, քանի որ կենտրոնական բանկերը սովորաբար ավելացնում են իրենց պահուստները աշխարհաքաղաքական ճգնաժամերի ժամանակ:
Դաշնային պահուստային համակարգն անցյալ տարի երեք անգամ անընդմեջ նվազեցրել է տոկոսադրույքները՝ քառորդ կետով: Անցյալ շաբաթ դրույքները թողնվել են անփոփոխ, սակայն ակնկալվում է, որ այս տարի կհետևի ևս մեկ նվազեցում:
Ցածր տոկոսադրույքը սովորաբար հանգեցնում է գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության անկմանը, ինչը ոսկին, որը տոկոսային եկամուտ չի բերում, դարձնում է առավել գրավիչ ակտիվ՝ մեծացնելով այս տարի դրա աճի հավանականությունը:
