Միացյալ Թագավորությունը և Թուրքիան չորեքշաբթի օրը բազմամիլիարդանոց համաձայնագիր են ստորագրել ուսուցման և աջակցության նոր խոշոր պայմանագրի վերաբերյալ։  Դա «Typhoon» կործանիչների արտադրության 10,73 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մի մասն է, որը երկու երկրները կնքել էին անցյալ տարի, հաղորդում է Reuters-ը:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսում է բրիտանական ռազմակայաններում գտնվող թուրք օդաչուների և վերգետնյա անձնակազմի վերապատրաստում, քանի որ Թուրքիան անցնում է բրիտանական արտադրության ռեակտիվ ինքնաթիռների առաջին խմբաքանակի շահագործմանը:

Ռազմարդյունաբերական ընկերությունները, այդ թվում՝ BAE Systems-ը, Leonardo UK-ը, MBDA-ն, Rolls-Royce-ը և Martin-Baker-ը, կմատակարարեն բաղադրիչներ և ուսումնական սարքավորումներ:

Բրիտանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Ջոն Հիլին և Յաշար Գյուլերը Լոնդոնում ստորագրել են համաձայնագիրը, որը, բրիտանական կառավարության հայտարարության համաձայն, նշանավորել է «Eurofighter» ծրագրին Թուրքիայի անդամակցության հաջորդ փուլը և ՆԱՏՕ-ի արևելյան թևում օդային մարտական ներուժի ուժեղացումը:

Share.