Որքան ավելի խիստ է կանոնը, այնքան ավելի նրբագեղ են այն խախտելու ձևերը, և դասական գեղանկարչությունը դա ապացուցում է։ Համաշխարհային արվեստի օրվա առթիվ մենք որոշեցինք պատմել ձեզ դասական գեղանկարչության մի քանի գլուխգործոցների սկանդալային անցյալի մասին։
Ռեմբրանդտ, «Դանայա» (1636–1647)

Հավանաբար այս կտավը հայտնի է բոլորին որպես արվեստի պատմության ամենահնչեղ վանդալիզմի դեպքերից մեկը։ Ռեմբրանդտի «Դանայա»-ի վրա բազմիցս հարձակումներ են եղել, իսկ մի անգամ այն վնասել են քիմիական նյութով (թթվով), ինչից հետո կտավը վերականգնելու համար պահանջվել է 12 տարի։ Բայց ինչո՞ւ է այս ստեղծագործությունը դարեր շարունակ հանգիստ չի տվել մարդկանց։ Սկսենք նրանից, որ Ռեմբրանդտը ոչ միայն լույսի ու ստվերի անվիճելի հանճար է, այլև իսկական ջենթլմեն․ նա Դանայայի կերպարում պատկերել է իր կնոջը՝ Սասկիային։
Հին հունական առասպելը նկարիչը վերաիմաստավորել է բավական ազատ ու համարձակ կերպով․ իդեալականացված աստվածուհու փոխարեն կտավում ներկայացված է իրական, երկրային կին։ Ռեմբրանդտը ցույց է տվել աղջկա մարմնի իրական, ոչ իդեալականացված կողմերը՝ ընդգծելով նրա երկրային ծագումը։ Եվ դա դեռ ամենը չէ․ Դանայայի կերպարում նա օգտագործել է իր կնոջ՝ Սասկիայի դիմագծերը։ Բացի այդ, նկարիչը շեշտը դրել է ոչ թե աստվածուհու սրբության վրա, այլ նրա կանացի զգայականության։ Եվ այս ամենը՝ դեռևս 16-րդ դարում։
Հասարակության համար վերջնական «ցնցումը» դարձել է Դանայայի կեցվածքն ու արտահայտությունը․ նա ոչ թե շփոթված կամ ամաչկոտ է արձագանքում իրեն այցելած Զևսին, այլ կարծես ժպիտով է դիմավորում նրան։ Հին հունական դիցաբանության նման մեկնաբանությունը չափազանց ինքնատիպ էր, որպեսզի չվրդովեցներ հասարակությանը։ Իսկ այն պատմությունը, որտեղ կինը ոչ թե սարսափի մեջ է, այլ կարծես սպասման ու ներքին լարվածության վիճակում, տղամարդկանց շրջանում մինչև անգամ 20-րդ դարը առաջացնում էր բացահայտ զայրույթ։
Կարավաջո, «Հուդիթ և Օլոֆեռն» (1599) «Հուդիթ և Օլոֆեռն» (1599)

Այս աստվածաշնչյան պատմությունը ոգեշնչել է բազմաթիվ նկարիչների, սակայն առավել իրական մեկնաբանությունը ստացել է իտալացի վարպետի վրձնի շնորհիվ։ Կարավաջոն հայտնի դարձավ նրանով, որ հրաժարվեց սրբերին իդեալականացնելուց, նրանց պատկերելով որպես սովորական մարդկանց։ Կրոնական ծայրահեղականների համար նման մոտեցումը ցնցող է, նույնիսկ այսօր, չհաշված 16-րդ դարը: Դրամատիզմի և իրականության հանդեպ սիրով Կարավաջոն դարձավ բարոկկո ռեալիզմի հիմք դրած արվեստագետներից մեկը։ Նրա կողմից Աստվածաշնչյան պատմության վերաիմաստավորումը ցնցեց հասարակությանը, քանի որ մինչ այդ Հուդիթը նկարներում սովորաբար պատկերվում էր շքեղ հագուստներով և հաղթական, հպարտ արտահայտությամբ։ Կարավաջոն որոշեց մի կողմ դնել այդ չափազանցված ու ցուցադրական շքեղությունը և պատկերեց Հուդիթին պարզ հագուստով հենց արյունալի սպանության պահին։
Աղջիկը վստահորեն պահում է սուրը, որը, դատելով տղամարդու դեմքի արտահայտությունից, նա ուղիղ խրել է նրա կոկորդը։ Կարավաջոն արտացոլել է Օլոֆեռնեսի աչքերում սարսափը, սակայն առավել ազդեցիկ է հենց Հուդիթի դեմքի արտահայտությունը և այն, թե ինչպիսի զզվանքով է նա կտրում հարձակվողի գլուխը, միաժամանակ զզվանքով հեռանալով նրանից, արյունահեղությունից խուսափելու համար։
Էդուար Մանե, «Օլիմպիա» (1863)

Մանեն հայտնի սադրիչ էր, ով իր սյուժեների միջոցով սիրում էր շոկ և հասարակական դժգոհություն առաջացնել։ Եվ նրան դա հաջողվում էր բավականին կայուն պարբերականությամբ։ Երբ 1863 թվականին աշխարհը տեսավ «Օլիմպիա»-ն, մերկ աղջկա կերպարում կրկին կարելի էր ճանաչել նկարչի մոդելի և սիրուհու՝ Վիկտորին Մյուրանի դիմագծերը, սակայն հասարակության վրդովմունքի պատճառը դա չէր։ Նկարում մի քանի մանրամասներ հստակեցնում էին՝ այստեղ ներկայացված է կուրտիզանուհի։ Սակայն իսկական էմոցիոնալ պայթյունը առաջացնում էր այն, որ աղջիկը ուղիղ նայում է դիտողին առանց ամաչկոտորեն հայացքը խոնարհելու կամ թաքցնելու։
Նրա կեցվածքը, դեմքի արտահայտությունն ու ուղիղ հայացքը այն ժամանակի համար անընդունելի էին։ Աղջիկը չի ամաչում իր վիճակից և չի ներկայացված որպես հանգամանքների զոհ․ նա հպարտ ու հանգիստ սպասում է հաջորդ հաճախորդին՝ հայացքով կարծես հրավիրելով նրան, ինչը այդ դարաշրջանի հասարակության համար պարզապես աներևակայելի հանդգնություն էր։
Էդգար Դեգա, «Ինտերիեր» (1868–1869)

Դեգային հաճախ անվանում են բալետի և կուլիսային կյանքի նկարիչ, սակայն նա ստեղծել է նաև ոչ այնքան ճանաչելի թեմաներ։ Դրանցից է «Ինտերիեր» կտավը, որտեղ պատկերված է աթոռին նստած մի երիտասարդ կնոջ՝ մեջքով դեպի դռան մոտ կանգնած տղամարդը։ Աղջկա արտաքին տեսքն ու կեցվածքը նկարին հաղորդում են խորհրդավորություն. առաջին հայացքից կարելի է կարծել, թե նա ամաչկոտորեն շրջվել է տղամարդուց՝ բուռն գիշերից հետո, սակայն մանրամասները այլ բան են հուշում, կոկիկ մահճակալը, ցրված իրերը, աղջկա հուսահատ կեցվածքը և տղամարդու գերիշխող, վստահ դիրքը։ Լույսի ու ստվերի կտրուկ խաղը ևս ավելի է ընդգծում սյուժեի դրամատիկ ու մռայլ բնույթը։
Դժվար չէ կռահել ստեղծագործության ծանր ենթատեքստը, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն արագորեն հայտնի է դարձել նաև իր ոչ պաշտոնական, մռայլ անվամբ՝ «Բռնաբարություն»։
Գուստավ Կուրբե, «Աշխարհի ծագումը» (1866)

Չնայած իր անունը կատարյալ համապատասխան էր, կտավը միևնույն է շոկ առաջացրեց, քանի որ խախտում էր վիկտորիանական դարաշրջանի բոլոր արգելված նորմերը։ Նկարիչը նախկինում էլ էր ապշեցրել իր ժամանակակիցներին՝ առանց իդեալականացման պատկերելով կյանքի կոշտ ռեալիզմը, ուստի հասարակությունը նույնիսկ սպասում էր նոր «սադրանքների» արվեստի այդ յուրօրինակ բեմադրությունից՝ «Կուրբե ընդդեմ դասական գեղանկարչության»։ Սակայն այսպիսի քայլ նրանից ոչ ոք չէր սպասում։
Նույնիսկ այսօր՝ սեռական ազատ մտածողության դարում, դժվար է հանգիստ վերաբերվել այն կտավին, որտեղ ծայրահեղ իրական ու բաց կերպով ներկայացված է կանացի մարմնի ինտիմ հատվածը։ Անկասկած, Կուրբեն կարծես երկու դար առաջ էր արդեն հասկացել, թե ինչ է անում։
Ռեգինա Մելիքյան
NEWS.am STYLE
