ԱՄՆ-ի «Տալլադեգա» սուպերսպիդվեյում ընթացող NASCAR Cup Series մրցաշարի 115-րդ շրջանում մասսայական վթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ամերիկյան մարզական պարբերականները։
Ըստ հաղորդվող տվյալների՝ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Ռոս Չեսթեյնը հարվածել է առաջատար Բաբբա Ուոլեսի մեքենային։ Սա հանգեցրել է մեքենայի պտտմանն ու բախումների շղթայի։ Արդյունքում մրցուղու վրա «շղթայական ռեակցիա» է սկսվել, որում ներգրավվել է մինչև 27 մեքենա, այդ թվում՝ առաջնության առաջատար թիմերի բոլիդները։
Բախման հետևանքով տարածքը պատվել է ծխի հաստ շերտով, իսկ մրցավազքը դադարեցվել է՝ վազքուղին մաքրելու և մեքենաների տեխնիկական վիճակը գնահատելու նպատակով։
Վթարի բոլոր մասնակիցները տեղափոխվել են ավտոդրոմի բժշկական կենտրոն։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել, և հետազոտումից հետո մրցարշավորդներն արդեն դուրս են գրվել։
NASCAR-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել անվտանգության ծառայությունների և տեխնիկական բրիգադների օպերատիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ նման միջադեպերը բնորոշ ռիսկ են պարունակում գերարագընթաց սուպերսպիդվեյների համար։
Վազքուղին մաքրելուց և վիճակը ստուգելուց հետո մրցավազքը վերսկսվել է։ Հաղթող է ճանաչվել Քարսոն Հոսևարը, որը եզրագծին առաջ է անցել Քրիս Բուշերից և Ալեքս Բոումանից։ Հոսևարի համար սա առաջին հաղթանակն էր NASCAR Cup շարքում և կարևոր ձեռքբերում իր թիմի՝ Spire Motorsports-ի համար։
