Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է նաև հետխորհրդային տարածքում ԱՊՀ-ից բացի ևս մեկ պետական միավորում ստեղծելու անհրաժեշտության հարցը՝ առանց Ռուսաստանի։ Այն մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Ըստ պարբերականին հասած մանրամասների` հատուկ ընդգծվել է, որ այն պետք է լինի առանց ԱՊՀ առաջատար երկրներից մեկի մասնակցության։
«Հեշտ է կռահել, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Գաղափարը պաշտպանել են ֆորումի մասնակիցներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Վրացական կողմի արձագանքը հայտնի չէ»,–գրում է հոդվածագիրը։
Նշվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը փաստացի ներկայացրել է այն, ինչը հիմք էր հանդիսացել ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) միավորման համար 1997 թվականին։ Այդ ժամանակ այս բոլոր երկրները ԱՊՀ անդամ էին։ Վրաստանն առաջինն էր, որ լքեց համագործակցությունը 2009 թվականին՝ Հարավային Օսեթիայի պատերազմից հետո։ Այնուհետև Ուկրաինան։ Մոլդովան վերջերս հայտարարեց միավորումից իր վերջնական դուրս գալու մասին։
«Եթե Հայաստանը միանա այդ գաղափարին, այն կդառնա ՎՈւԱՄՀ՝ ԵՄ ձգտումներով կազմակերպություն։ Ավելին, Մոլդովայից բացի բոլորը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերներ են»,–նկատում է թերթը։
