ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունները վկայում են Իրանի դեմ ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ ռազմական տեխնիկայի և ուժերի շարունակական տեղաշարժը և ընդլայնումը, նախագահի նման ռազմատենչ հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես սովորական հռետորաբանություն։ Այն վկայում է ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն տարածաշրջանի համար և լուրջ սպառնալիք կներկայացնեն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։

Փետրվարի 18–ին Թրամփը հրապարակավ սպառնաց ուժ կիրառել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, Վաշինգտոնը կարող է գործարկել Դիեգո Գարսիայում և Ֆերֆորդում գտնվող բրիտանական բազաները՝ Իրանի հնարավոր հարձակումը կանխելու համար։

Իրանական միջուկային հարցի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17–ին` Ժնևում գտնվող Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորել էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Արաղչին բանակցությունները կառուցողական և լուրջ էր անվանել։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնցով կաշխատեն հետագա գործարքի վրա։

Share.