Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, ըստ գերմանական Bild պարբերականի, անձամբ է վերահսկել Ելիսեյան պալատում աշխատանքի հավակնող կանանց ընտրությունը և մերժել նրանցից մի մասին՝ արտաքին տեսքի պատճառով։ Տեղեկությունը ներկայացվում է լրագրող Ֆլորիան Տարդիֆի «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքին հղումով։

Հրատարակության համաձայն՝ Մակրոնը պահանջել է իրեն ներկայացնել այն կանանց լուսանկարները, որոնք ցանկանում են աշխատել նախագահի շրջապատում։ Գրքում նշվում է, որ որոշ դեպքերում նա արձագանքել է՝ «սա չի հայտնվի Ելիսեյան պալատում», եթե թեկնածուի արտաքին տեսքը չի համապատասխանել իր պատկերացումներին։

Տարդիֆը պնդում է, որ առաջին տիկինը հատկապես զգուշացել է այն կանանցից, որոնք, իր գնահատմամբ, կարող էին գրավել նախագահ Էմանուել Մակրոնի ուշադրությունը։ Նշվում է նաև, որ նա նման կանանց երբեմն անվանել է «գիշատիչներ»։

Գրքում նկարագրվում է նաև դեպք, երբ երիտասարդ պրակտիկանտը, իբր, արագ հեռացվել է Ելիսեյան պալատից առաջին տիկնոջ պահանջով, իսկ աշխատակազմը գործել է «նախագահական զույգին պաշտպանելու» նպատակով։

Հեղինակի գնահատմամբ՝ նման վերահսկողության արդյունքում նախագահի մերձավոր շրջապատում գերակշռում են տղամարդիկ։ Միաժամանակ ընդգծվում է, որ Բրիջիթ Մակրոնը երկար տարիներ համարվում է նախագահի ամենամտերիմ վստահված անձը և ազդեցիկ խորհրդականը։

Միևնույն ժամանակ, Փարիզում շրջանառվող նմանատիպ խոսակցությունները Ֆրանսիայի նախագահական զույգը կտրականապես հերքում է։ Ելիսեյան պալատի ներկայացուցիչներն էլ պարբերաբար նվազեցնում են առաջին տիկնոջ հնարավոր խանդի վերաբերյալ շահարկումների նշանակությունը։

Share.