Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի հետազոտողները՝ նյարդաբան Օնդեր Ալբայրամի գլխավորությամբ, պարզել են, որ ձկան յուղի հավելումները կարող են խոչընդոտել ուղեղի վերականգնմանը կրկնվող թեթև գանգուղեղային վնասվածքներից հետո։ Այս մասին հայտնում է Science Daily ամսագիրը։

Թեև ձկան յուղն ավանդաբար օգտակար է համարվում առողջության համար, գիտնականները նկատել են, որ օմեգա-3-ի հիմնական բաղադրիչներից մեկը՝ էյկոզապենտաենաթթուն (EPA), որոշակի պայմաններում նվազեցնում է ուղեղի ինքնավերականգնման կարողությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հյուսվածքներում այս թթվի կուտակումը կապված է վնասվածքներից հետո արյունատար անոթների դանդաղ և թույլ ապաքինման հետ։

«Ձկան յուղի հավելումները վաճառվում են ամենուր, և մարդիկ դրանք ընդունում են տարբեր պատճառներով՝ հաճախ հստակ չպատկերացնելով հեռահար հետևանքները։ Սակայն նյարդակենսաբանության տեսանկյունից մենք դեռ չգիտենք՝ ուղեղն ունի՞ արդյոք կայունություն կամ դիմադրողականություն այս հավելման նկատմամբ։ Հենց սա է պատճառը, որ մեր աշխատանքն առաջինն է այս ոլորտում», — նշել է Ալբայրամը։

Մկների վրա կատարված փորձերի ընթացքում մասնագետները պարզել են, որ ձկան յուղի տևական ընդունումը գլխի հարվածներից հետո հանգեցնում է հիշողության և ճանաչողական ունակությունների վատթարացման։ Կենսաբանները գլխուղեղի կեղևում արձանագրել են տաու-սպիտակուցի կուտակում, ինչը նյարդադեգեներատիվ գործընթացների հստակ ցուցիչ է։ Նմանատիպ արդյունքներ են ստացվել նաև մարդու էնդոթելային բջիջների ուսումնասիրության ժամանակ. էյկոզապենտաենաթթուն (EPA) դանդաղեցրել է անոթային ցանցերի վերականգնումը և թուլացրել ուղեղի պաշտպանիչ պատնեշի ամբողջականությունը։

Եզրակացությունները հաստատելու համար հետազոտական խումբն ուսումնասիրել է գլխի հաճախակի վնասվածքների հետևանքով քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպատիայով (ՔՏԷ) տառապող մարդկանց հյուսվածքների հետմահու նմուշները։ Հետազոտողները նրանց մոտ հայտնաբերել են ճարպաթթուների փոխանակման խանգարումներ և անոթների կայունության համար պատասխանատու գեների աշխատանքի փոփոխություններ։

Ալբայրամն ընդգծել է, որ հետազոտության արդյունքները չպետք է ընկալվեն որպես այս հավելման օգտագործման բացարձակ արգելք։ Նրա խոսքով՝ օմեգա-3-ի մյուս կարևոր բաղադրիչը՝ դոկոզահեքսաենաթթուն է (DHA), որը պահպանում է նեյրոնների համար իր օգտակար հատկությունները։

«Ես չեմ ասում, թե ձկան յուղն ընդհանուր առմամբ լավն է կամ վատը,— նշել է նա,— մեր տվյալները փաստում են, որ կենսաբանական գործընթացները կախված են հանգամանքներից։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են այդ հավելումներն իրենց դրսևորում օրգանիզմում ժամանակի ընթացքում, այլ ոչ թե ենթադրենք, որ նույն ազդեցությունը վերաբերում է բոլորին»։

Հետագայում հեղինակները նախատեսում են մանրամասն ուսումնասիրել օրգանիզմի կողմից էյկոզապենտաենաթթվի (EPA) կլանման և բաշխման մեխանիզմները։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը հիմք կդառնա նյարդաբանության մեջ «անհատականացված սննդակարգի» զարգացման համար։

Share.