ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսին խաղաղության օրակարգի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլի մասին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նա ասել է Բաքվի 31–րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ–ները։
ԱՄՆ նախագահի խոսքով` դրանք կօգնեն «խաղաղության առաջխաղացմանը, բարգավաճման ամրապնդմանը և տարածաշրջանի և աշխարհի համար ավելի անվտանգ ապագա կառուցելուն»։
Թրամփը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ բանակցություններին:
«Իմ վարչակազմն ակնկալում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներ ունենալ։ Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկեցությունը և կկառուցենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար»,– ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հիշեցրել է 2025 թ. օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ` Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ հանդիպման մասին, որտեղ ըստ Թրամփի` հաջողվեց առաջընթաց գրանցել և երկարատև խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
