Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների (գյուղմթերքի) առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի` ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմինը տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։
