Հորմուզի նեղուցում տիրող լարվածությունը հարվածել է ապրանքների և էներգակիրների փոխադրման միջազգային առևտրային ուղիներին: Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հայտնում է China Daily-ն:
«Հորմուզի նեղուցում և դրան հարող ջրատարածքում տիրող լարվածությունը հարվածել է ապրանքների և էներգակիրների փոխադրման միջազգային առևտրային ուղիներին, ինչպես նաև խաթարել է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տիրող խաղաղությունն ու կայունությունը», – նշել է Լին Ցզյանը:
Ըստ նրա՝ Չինաստանը կրկին կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել լարվածության հետագա էսկալացիայից և թույլ չտալ, որ տարածաշրջանային անկայունությունը հետագա բացասական ազդեցություն ունենա համաշխարհային տնտեսական զարգացման վրա:
Իրանի շուրջ հակամարտության սրման ֆոնին գրեթե դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարման հիմնական երթուղին է։ Միևնույն ժամանակ, անվտանգության սպառնալիքների աճի պատճառով ապահովագրական ընկերությունները սկսել են բարձրացնել սակագները և վերանայել ապահովագրական ծածկույթի պայմանները։
