Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ նախագծի, Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք գյուղերում և Մեղրի քաղաքում հանրության գերակա շահ կճանաչվի 99 միավոր հողամաս:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող գույքի սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը նպատակաուղղված է համապետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը: Բացի այդ, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր և այլն:

Նշվում է, որ անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի և հաղորդակցուղիների սահմաններում:

Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2026թ. դեկտեմբերի 1-ն է:

Share.