Հայաստանում սպառողական վարկերի ավելացումը գերազանցում է բնակչության եկամուտների աճը, ինչը բանկային համակարգում կարող է հանգեցնել ռիսկերի: Այս մասին ասվում է ֆինանսական կայունության մասին տարեկան հաշվետվության մեջ, որն այսօր հրապարակել է ՀՀ կենտրոնական բանկը։
ԿԲ-ն բանկերին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել վարկառուների եկամուտները գնահատելիս՝ ոչ միայն տվյալ պահին, այլև հեռանկարում՝ հաշվի առնելով համաշխարհային բարձր անորոշություններից բխող ռիսկերի գործոնը։
ԿԲ-ի անցկացված սթրես-թեստերի համաձայն` իրադարձությունների զարգացման ամենաբացասական կանխատեսումների դեպքում (Մերձավոր Արեւելքում հակամարտության ձգձգում, էներգակիրների գների բարձրացում, լոգիստիկայի բարդացում և այլն) հաճախորդների չվճարման հետևանքով բանկային համակարգին հասցված վնասը կարող է կազմել շուրջ 185 մլրդ դրամ (մոտ 500 մլն դոլար): Այնուամենայնիվ, ԿԲ–ի գնահատմամբ, այդ ռիսկերը կարող են գրեթե ամբողջությամբ չեզոքացվել կապիտալի լրացուցիչ պահուստների հաշվին, որոնք բանկերը ձևավորել են ԿԲ–ի պահանջով՝ 175 մլրդ դրամի չափով (ավելի քան 470 մլն դոլար)։
ԿԲ-ն կշարունակի հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում բանկերից կպահանջի մեծացնել կապիտալի պահուստները, որոնք ճգնաժամային իրավիճակների դեպքում անվտանգության բարձիկի դեր են խաղում:
Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում (2024 թվականի մայիս-2026 թվականի մայիս ժամանակահատված) սպառողական վարկերի պորտֆելն աճել է գրեթե մեկուկես անգամ՝ հասնելով 1,8 տրիլիոն դրամի (մոտ 4,9 մլրդ դոլար)։ Դա մասամբ պայմանավորված է նոր բնակարանների համար (որոնց կահավորման համար հիփոթեքային վարկառուները լրացուցիչ սպառողական վարկեր են վերցնում) հիփոթեքային պորտֆելի աճով:
