ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղացիներին` ձեռքբերել պարարտանյութ, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկացել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ այս շաբաթ կառավարության նիստին կընդունեն աջակցության որոշումը։

«Աշխարհաքաղաքական բարդություններով պայմանավորված` ամբողջ աշխարհում, ոչ միայն տարածաշրջանում և Հայաստանում, պարարտանյութերի գները զգալի թանկացել են։ Խոսքը վերաբերում է և՛ ֆոսֆորական, և՛ ազոտական, և՛ կալիումական, և՛ դրանց համակցված պարարտանյութերին։ Դա նաև մեր շուկայում է արձանագրվել, ու մեր քաղաքացիներն այդ մասին գիտեն: Այս տարի գործադիր մարմինը կկիրառի աջակցության մեխանիզմ` պարարտանյութի` 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավելի, քան 3000 դրամ յուրաքանչյուր 50 կգ համար` հաշվի առնելով իր ֆինանսական սահմանափակումները»,– ասաց նա։

Share.