Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայումս ընթանում է բավականին դինամիկ, ակտիվ և խոստումնալից երկխոսություն։ «Երևանի և Անկարայի միջև արդեն գոյություն ունեն հստակ պայմանավորվածություններ, որոնց իրականացման ուղղությամբ կողմերը առաջ են շարժվում։ Կողմերի միջև այժմ նույնիսկ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը», – ասել է Միրզոյանը։

Նա նաև հավելել է, որ 2025 թվականի ընթացքում հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և շփումներ, ինչը վկայում է երկու պետությունների միջև երկխոսության դինամիկ զարգացման մասին:

Share.