ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «հին աշխարհն այլեւս գոյություն չունի», եւ որ աշխարհը փոխվում է հենց մեր աչքերի առջեւ։ Նա ասել է, որ մարդկությունը մտնում է աշխարհաքաղաքականության նոր դարաշրջան, որը կպահանջի վերանայել երկրների դերը եւ միջազգային հարաբերությունների մոտեցումները։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլսեն եվրոպացիներն իրենից Մյունխենի անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 13-15-ը Գերմանիայում։ Ճեպազրույցի նյութերը հրապարակված են ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում։
«Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, եւ սա կպահանջի որոշակի վերանայում, թե ինչ տեսք կունենա այն եւ ինչպիսին կլինի մեր դերը»,- ասել է նա։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցում է երկխոսությանն իր դաշնակիցների հետ եւ, հավանաբար, համաժողովում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Հնարավորություն կա նրան տեսնելու։ Կարծում եմ՝ դա իմ ժամանակացույցում է։ Չեմ կարող ասել 100 տոկոս վստահությամբ, բայց, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի»,- ասել է նա։ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ դեռ չի որոշել՝ կգնա՞ Մյունխենին, թե՞ ոչ։
Բացի այդ, պետքարտուղարը հայտնել է Հունգարիային եւ Սլովակիային համոզելու ծրագրերի մասին, որպեսզի հրաժարվեն ռուսական վառելիքի մատակարարումներից: Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն. «Մարդիկ տառապում են, եւ սա տարվա ամենացուրտ ժամանակն է: Սա է պատերազմի խնդիրը: Ահա թե ինչու են պատերազմները վատ: Եվ այդ պատճառով մենք մեկ տարուց ավելի աշխատել ենք այս հակամարտությունը դադարեցնելու համար»:
Համաժողովից (Munich Security Conference, MSC) առաջ անվտանգության փորձագետները զեկույց են ներկայացրել միջազգային հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ:
