Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած հայտարարված հրադադարին: Ներկայացնում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Հակամարտության ինտենսիվ ռազմական փուլը շարունակվում է: Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող օբյեկտներին` հայտարարելով, որ «Հզբոլլահի» ենթակառուցվածքներ և հրամանատարական կետեր են խոցվել: «Հզբոլլահը» հայտնում է, որ հարձակվել է Թել Ավիվի շրջաններից մեկի վրա։
Միաժամանակ ակտիվ ցամաքային մարտեր են ընթանում, իսրայելական ստորաբաժանումները փորձում են առաջխաղացում իրականացնել դեպի լիբանանյան տարածքի խորքեր։
Այս ֆոնին վատթարանում է մարդասիրական իրավիճակը: Բեյրութում փրկարարները շարունակում են մաքրել ավիահարվածներից հետո առաջացած փլատակները։ Վերջին տվյալներով` միայն մեկ օրում զոհվել է 303 մարդ, շուրջ 1150-ը՝ վիրավորվել:
Սրացում է նկատվում նաև դիվանագիտական մակարդակում։ Ըստ «Tasnim»–ի աղբյուրների` Իրանը հրաժարվում է ԱՄՆ–ի հետ բանակցություններից, քանի դեռ Լիբանանի վրա հարձակումները չեն դադարել։ Գործակալության աղբյուրը հերքում է լուրն այն մասին, որ իրանական պատվիրակությունը Պակիստանի մայրաքաղաք է ժամանել։
Հավելյալ լարվածություն է առաջացնում ԱՄՆ–ի հռետորաբանությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կատարում Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունը։
Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո որևէ երկրի հարվածներ չի հասցրել։
