Ակնհայտ է, որ առկա բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա: Այդ պայմաններում Հարավային Կովկասի կարևորությունը միայն մեծանում է, և մենք գոյություն ունեցող հնարավորությունները ձգտում ենք առավելագույնի հասցնել: Դրա մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է «Վրաստանի Առաջին ալիք»-ը:

«Մեր տեսլականն է պահպանել երկրում խաղաղությունը, ապահովել կայունությունը և տնտեսական առաջընթացը: Նման մոտեցման շնորհիվ մենք ոչ միայն պահպանում ենք ներքին խաղաղությունը, այլև նպաստում ենք մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ավելի լայն խաղաղությանը: Հաճելի է, որ այս ոլորտում ունենք ուժեղ գործընկեր հանձին Թուրքիայի»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրներն այժմ ավելի ու ավելի են կենտրոնանում դիվանագիտական ​​լուծումների, կապերի ամրապնդման և պրագմատիկ մոտեցման վրա։

«Եթե առողջ տնտեսական կապերն ու շահերը գերակշռեն քաղաքական շահերին, դիվանագիտության դերն աշխարհում շատ ավելի ուժեղ կդառնա։ Հարավային Կովկասը շատ լավ օրինակ է։ Մեր տարածաշրջանն ունեցել է բազմաթիվ խնդիրներ և առանձնահատուկ հակամարտություններ, սակայն հիմա տարածաշրջանի երկրներն ավելի շատ են կենտրոնանում դիվանագիտական ​​լուծումների, պրագմատիկ մոտեցումների և կապերի ամրապնդման վրա։ Դա մեծ օգնություն է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանման, այլև մեր ժողովուրդների բարեկեցության ամրապնդման գործում»,- հավելել է Վրաստանի վարչապետը։

Share.