Հետխորհրդային տարածաշրջանում ծավալված մրցակցության պայմաններում Ռուսաստանն աշխուժացնում է արտասահմանյան երկրների հետ համագործակցությունը։ Ինչպես նշվում է ՌԲԿ-ի «Պարզաբանող բրիգադ» հաղորդման ընթացքում՝ այս համատեքստում առանցքային ուղղություններ են համարվում Հարավային Կովկասն ու Հայաստանում սպասվող ընտրությունները։
Ընդգծվում է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար շարունակում է մնալ ռազմավարական կարևորության տարածաշրջան՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական տեսանկյունից։
Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև առկա հավասարակշռությունը, ինչպես նաև այն ռիսկերը, որոնք կապված են երկրների՝ դեպի արտաքին խաղացողներ վերակողմնորոշվելու հետ։ Սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության և տարածաշրջանային միջնորդի դերում Ռուսաստանի դիրքերի թուլացման պայմաններում։
Ընդգծվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր իրադարձություն են, քանի որ դրանց արդյունքներով է որոշվելու երկրի վարչապետը և հետագա քաղաքական կուրսը։ Հայաստանը փորձում է օգտվել ԵԱՏՄ ընձեռած առավելություններից՝ միաժամանակ սերտացնելով կապերը Եվրամիության հետ։ Սակայն Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հասկացրել է, որ այդ երկու ուղղությունների համատեղումն անհնար է։
Նշվում է նաև, որ Փաշինյանին լուրջ պայքար է սպասվում վարչապետի պաշտոնի համար. թեև նա հաջողության հասնելու շանսեր ունի, սակայն մրցակցությունը բավականին թեժ կլինի։ Բացի այդ, հաղորդավարներն ընդգծել են, որ անկախ այն բանից, թե ով կստանձնի վարչապետի պաշտոնը, Ռուսաստանը պետք է աշխատի հանրային կարծիքի հետ։ Հայաստանում տարածված է այն տեսակետը, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պատշաճ աջակցություն չեն ցուցաբերել երկրին արցախյան պատերազմի ժամանակ։ Այս գործոնն ակտիվորեն օգտագործվում է տարբեր ուժերի կողմից, ինչն էլ իր հերթին նպաստում է հակառուսական տրամադրությունների աճին։
