MV Hondius զբոսանավը, որի վրա հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, մայիսի 10-ին ժամանել է Տեներիֆե։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նավը խարիսխ կգցի Գրանադիլյա նավահանգստում, ինչից հետո ուղևորները կթեստավորվեն, ու եթե ախտանիշներ չլինեն, կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։
Oceanwide Expeditions-ը հայտնում է, որ զբոսանավը խարիսխ կգցի նավամատույցից «առավելագույն անվտանգ» հեռավորության վրա, իսկ ուղևորներին ափ կհասցնեն մինչև 10 մարդու տարողությամբ փոքր նավակներով` դասակարգված ըստ ազգության։ Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիայի խոսքով՝ 14 իսպանացի ուղևորները առաջինը կլքեն նավը։
Իսպանացի ուղևորները կտեղափոխվեն ռազմական հոսպիտալ և կտեղավորվեն առանց այցելուների առանձին սենյակներում։ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք ժամանելուն պես կանցնեն ՊՇՌ թեստ, իսկ մեկ շաբաթ անց՝ կրկնակի թեստ։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան և Նիդեռլանդները, ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։
