Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցել և հաջողությամբ ներկայացել է Wine Paris միջազգային ցուցահանդեսին՝ գինու և ոգելից խմիչքների ոլորտի ամենաազդեցիկ համաշխարհային միջոցառումներից մեկին։ Այս մասին Live24.am-ին հայտնում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից։

Ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզում՝ Paris Expo Porte de Versailles ցուցահանդեսային կենտրոնում, փետրվարի 9-11-ը։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային
համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն ազգային միասնական տաղավարով ներկայացրել են հայկական գինեգործական մշակույթը միջազգային հարթակում, որին մասնակցել են բազմաթիվ արտադրողներ, ներմուծողներ, սոմելյեներ, գնորդներ և ոլորտի առաջատարներ աշխարհի տարբեր երկրներից։

«Wine Paris 2026-ին մասնակցությունը կարևոր հարթակ էր Հայաստանի համար՝ ամրապնդելու իր դիրքը համաշխարհային գինեգործական համայնքում։ Հայկական գինին պատմության մի մասն է՝ դարեր առաջ խմորված, տոնված։ Այսօր այդ ժառանգությունը վերածնվում է ժամանակակից գինիներում, որոնք կրում են հնագույն բնույթ և ժամանակակից շունչ։ Հատկանշական է նաև այն, որ գինեգործությունը երկրի տնտեսության համար դարձել է կարևոր ուղղություն, ինչի զարգացմանն ուղղված քայլերից մեկն էլ միջազգային հարթակներում ներկայանալն է», – նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Ցուցահանդես է այցելել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ծանոթացել ներկայացված արտադրատեսակներին։ Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հնարավորություններին առնչվող հարցեր։

Միջոցառման շրջանակում ընդգծվել է նաև, որ Հայաստանն այս տարի կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը՝ գինու մասնագետներին առաջարկելով յուրահատուկ ճանապարհորդություն գինեգործության ակունքներից մինչև բարձրակարգ գինու ապագան։

Share.