Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների թիվը 2017 թվականից ի վեր ավելացել է 18,5 անգամ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2025 թվականի արդյունքները, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների թիվը կազմում էր 650, 2024-ին՝ 8396, իսկ 2025 թվականին՝ 12026: 2025 թվականին 2017-ի համեմատ աճը կազմել է 18,5 անգամ։ Գործող ընկերություններում աշխատակիցների թիվը 2017 թվականին կազմում էր 15 350 մարդ, 2024-ին՝ 41 541, իսկ 2025-ին՝ 41 431: 2025 թվականին 2017-ի համեմատ աճը կազմել է 2,6 անգամ։ Ոլորտի շրջանառությունը 2017 թվականին կազմել է 306,4 մլրդ դրամ, 2024-ին՝ 915,8 մլրդ դրամ, իսկ 2025-ին՝ շուրջ 1 տրլն դրամ։ 2017 թվականի համեմատ 2025-ին աճը կազմել է 3,2 անգամ։ Արտահանման ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել է 135,44 մլրդ դրամ, 2024-ին՝ 702,1 մլրդ դրամ, իսկ 2025-ին՝ 711,5 մլրդ դրամ։ 2025 թվականին 2017-ի համեմատ աճը կազմել է 5,2 անգամ։
Անդրադառնալով 2025 թվականին նախարարության կողմից իրականացված առանձին ծրագրերին՝ նա նշեց, որ տարվա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող 319 կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի տրամադրվել է 8,87 մլրդ դրամի պետական աջակցություն՝ աշխատանքային միգրանտների և աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող աշխատողների ներգրավման, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման համար։
«Դուք գիտեք, որ բացի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով ուղղակի պետական աջակցությունից, մեզ մոտ գործել են առանձին կարգավորումներ՝ հարկային արտոնությունների տեսքով։ Այս ուղղությամբ 2025 թվականին այդ ծրագրերում ներգրավված շուրջ 900 աշխատակիցների համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտային հարկի 10% դրույքաչափ՝ ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածի համար։
R&D (հետազոտություն և մշակում) ծրագրերի շրջանակներում մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատավարձի մասով կազմակերպություններն օգտվում են շահութահարկի հաշվարկման ժամանակ լրացուցիչ 200% նվազեցման հնարավորությունից։ Բացի այդ, առանձին գործարքներ և գործառնություններ ազատվում են ԱԱՀ-ից։ Շահութահարկի բազան որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է R&D աշխատանքների համար կատարված ծախսերի չափով»,- նշել է նա։
