Մենք առաջարկում ենք փոփոխություններ, որոնք օրենքում կներառեն նոր դրույթ, որն արգելում է օտարերկրյա աուդիովիզուալ ծրագրերում այնպիսի բովանդակության տարածումը, որը միջամտություն է կազմում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս մասին փետրվարի 11-ին խորհրդարանի հերթական նիստում հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Նա հավելել է, որ այն իրավական նորմերը, որոնք նախատեսված են հանրային մուլտիպլեքսի համար, տարածվելու են նաև ցանցային օպերատորների վրա։ Նախարարը պարզաբանել է, որ նախագիծը հստակեցնում է ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցման և չեղարկման իրավական հիմքերը, չափանիշներն ու մեխանիզմները։ Նախարարը նշել է նաև, որ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել տուգանքների բաժնում և ավելացվել է նոր հոդված, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և չեղարկման կարգը։
Նրա հավաստմամբ՝ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան բարելավել վերահսկողության և կարգավորման մեխանիզմները տեսալսողական մեդիայի ոլորտում, բարձրացնել օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։ «Ընդունվելու դեպքում փոփոխությունները թույլ կտան կանխել երկիմաստ մեկնաբանությունները և կանխատեսելի իրավական միջավայր ապահովել այս ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ, որոնք կապահովեն արդար մրցակցություն՝ բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումը և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների ստեղծման ռիսկերը»,- նշել է Հայրապետյանը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Կառավարությունն իրավունք չունի գնահատական տալ որևէ հեռուստահաղորդման, քանի որ դրա համար գոյություն ունի համապատասխան կառույց՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ «Մենք կկարողանանք իրավական դաշտ ստեղծել կարգավորողի համար, որն այսօր ազդեցության լծակ չունի անցանկալի բովանդակության նկատմամբ, որի գնահատականը կտան հենց Հանձնաժողովի անդամները։ Փոփոխությունները թույլ կտան կարգավորողին արձագանքել տարատեսակ տեղեկատվական գրոհներին», — ընդգծել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նկատել է, որ առաջարկվող փոփոխություններում բացակայում է իրավական որոշակիությունը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկել է հանել «միջամտություն ներքաղաքական գործերին» ձևակերպումը, քննարկել և ներդնել կոնկրետ չափանիշներ՝ նախագիծն ընդունելու մտադրությունն անվանելով «գործող քաղաքական ռեժիմի պահանջը կատարելու ձգտում»։
Մխիթար Հայրապետյանը պատասխանել է, որ իր համար անընդունելի է այդ դրույթի հեռացումը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ փոփոխությունները չեն առաջարկվում նախընտրական գործընթացների շրջանակում, այլ նպատակաուղղված են Հայաստանի քաղաքացիների համար տեղեկատվական անվտանգության ապահովման պայմանների ստեղծմանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նկատել է, որ հստակեցված չէ, թե որ գործողությունները կհամարվեն միջամտություն ներքաղաքական գործերին, մինչդեռ խախտման համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։ Նա նշել է, որ բովանդակությանը գնահատական է տալու իշխանության քվոտայով ընտրված Հանձնաժողովը, ուստի այն չունի օբյեկտիվության և չեզոքության ցանկալի մակարդակ։ Ըստ նրա գնահատականի՝ օրենքում ամրագրվում է հերթական բռնաճնշող մեխանիզմը և իդեալական հնարավորություններ են ստեղծվում ընդդիմախոսներին հալածելու համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կասկած է հայտնել, որ օրենքը նպատակ ունի ուշադրության կենտրոնում պահել կոնկրետ երկրների կոնկրետ հեռուստաալիքներ՝ այդ կոնկրետ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հաճախականություններով, այսինքն՝ հանրային մուլտիպլեքսում, հեռարձակվում են միայն երեք ռուսական պետական հեռուստաալիքներ:
