Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, X-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հետ այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ արդեն կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ:
Վարչապետը կարևորել է պարոն Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի: Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
