Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ։
Փաշինյանը նշեց, որ այս մասին հայտարարել է դեռ 2022–2023 թվականներին։
Նա միաժամանակ հիշեցրեց 1991թ. տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրի մասին. վերջինս ամրագրում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները Միության փլուզման պահի դրությամբ։ Ի դեպ, հենց այդ հռչակագրին հղում անելով՝ Երևանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։
