2025 թվականի օգոստոսին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության պայմանագիրը տևական խաղաղություն չի բերելու։ Այս մասին գրում է Middle East Forum-ը։
Պարբերականի կարծիքով՝ գործընթացի մասնակիցներից և ոչ մեկն անկեղծ չէ։ Թրամփը ձգտում է Նոբելյան մրցանակի և սեփական անունը հավերժացնելուն. հենց սա է պատճառը, որ Հայաստանի հարավով անցնող միջանցքն ստացել է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) անվանումը։ Ռուբիոն պարզապես հավատարիմ կատարողի դերում է։ Փաշինյանը չափազանց ցածր վարկանիշ ունի երկրի ներսում և շտապում է զիջումների գնալ, որպեսզի առաջիկա ընտրություններին ներկայանա որպես «խաղաղաբեր» միակ թեկնածու՝ չնայած այն փաստին, որ նրա օրոք Հայաստանը երկու պատերազմ է պարտվել։ Ալիևն իր հերթին միջանցքը դիտարկում է որպես հնարավորություն՝ Հայաստանի Սյունիքի մարզը երկփեղկելու և վերահսկողություն հաստատելու համար։
Պարբերականի գնահատմամբ՝ միջանցքն ինքնին զուրկ է տնտեսական տրամաբանությունից. Ադրբեջանն ու Թուրքիան կարող էին Հայաստանի տարածքով տարանցում հաստատել՝ պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և վերացնելով շրջափակումը։ Մինչ Ալիևը պարբերաբար բողոքում էր «փակ սահմաններից», ադրբեջանական բեռնաշրջանառությունը տարիներ շարունակ հանգիստ իրականացվել է Իրանի տարածքով՝ փաստացի շրջանցելով տնտեսական մեկուսացումները։
Առանձին վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ Ալիևը հենց նոր է վերացրել Նախիջևանի ինքնավարությունը՝ այնտեղ հաստատելով ուղղակի կառավարում։ Դրանով նա, ըստ էության, չեզոքացրել է իր մրցակցին՝ տեղական Թալիբովների կլանին։ Middle East Forum-ը երկրում հասունացող հակամարտությունը նկարագրում է որպես Ալիևների, Թալիբովների և Փաշաևների ընտանիքների միջև մղվող «եռակողմ մաֆիոզ պատերազմ»։ Եթե Ալիևը հայտնվի ճնշման տակ, ամենայն հավանականությամբ, նոր ռազմական արկածախնդրություն կսկսի Հայաստանի դեմ՝ սեփական ուժի կերպարը վերականգնելու համար։
Պարբերականի եզրահանգումը կտրուկ է. որևէ կայուն խաղաղություն չի լինի, քանի դեռ Ադրբեջանում իրական ու խորքային բարեփոխումներ չեն իրականացվել։ Արագացնելով TRIPP-ի գործընթացը՝ Թրամփն ու Ռուբիոն հաղթանակի փոխարեն կարող են աղմկահարույց ձախողում ստանալ։
Աղբյուրը՝ news.am
