Մենք որոշել ենք ընդլայնել բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ներգրավված անձանց մասնագիտական կրթությանը վերաբերող պայմանները։ Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բանն այն է, որ ՓԲԸ-ները, լինելով շահույթ ստանալու նպատակ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ, պետք է հնարավորություն ունենան ղեկավար կազմում ներգրավել համապատասխան ոչ բժշկական կրթություն ունեցող անձանց», – պարզաբանել է Ավանեսյանը։

Այսինքն, ինչպես նշեց նախարարը, վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար կազմը չպետք է սահմանափակվի բացառապես բժշկական կրթությամբ։ Նրանք պետք է համապատասխանեն նաև գործադիր մարմիններում աշխատանքային բավարար փորձի առկայության պահանջին։

Ըստ Ավանեսյանի՝ Կառավարության համար չափազանց կարևոր է, որ պետական բաժնեմաս ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ և զարգացող։

Նա ընդգծել է, որ նախատեսվում է ոչ թե կրճատում, այլ կազմակերպաիրավական ձևի խոշորացում։ Սա, նրա խոսքով, թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել, ինչպես նաև կրճատել վարչատնտեսական ծախսերը՝ առկա ֆինանսական ռեսուրսներն ուղղելով բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովմանը և խուսափելով անհարկի ծախսերից։

Այս օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է աշխատանքային հարաբերությունները 100% պետական բաժնեմաս ունեցող առողջապահական ընկերություններում, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (ՊՈԱԿ/ՀՈԱԿ)։ Այն նաև պահանջներ է սահմանում նշված կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ։

Կառավարությունից վստահեցրել են, որ փոփոխությունն ուղղված է պետական բաժնեմաս ունեցող բժշկական հաստատությունների ֆինանսական կայունության և զարգացման ապահովմանը, ինչպես նաև չափելի ցուցանիշների ներդրմանը, որոնցով հնարավոր կլինի գնահատել այս կամ այն ղեկավարների աշխատանքային գործունեությունը։

Որոշ քննարկումներից հետո սույն օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Share.