Հայաստանը տեսանելի ապագայում ԵՄ չի մտնի։ Այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Տնտեսության բարձրագույն դպրոցի Եվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն Գիտահետազոտական համալսարանի (ՏԲԴ ԵՄՀԿ ԳՀՀ) փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երեւանում անցկացվող կլոր սեղանի ընթացքում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ը փորձում է այն երկրներից, որոնք հայտարարել են այս ուղղությամբ շարժվելու իրենց մտադրության մասին, հասնել ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման։ Ո՛չ Սերբիան, ո՛չ Վրաստանը ԵՄ անդամներ չեն, սակայն ԵՄ-ը պահանջում է, որ Բելգրադն ու Թբիլիսին պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի դեմ եւ հրաժարվեն իրենց արտաքին քաղաքականությունից, եւ հարկադրանքի միջոցներ է ձեռնարկում այդ երկրների դեմ։
«Հետեւաբար, եթե Հայաստանն ընդունի ԵՄ-ին անդամակցության մասին օրենք, ապա, Ռուսաստանի տեսանկյունից, ասես պատրաստ է խաղալ այդ կանոններով՝ հարմարվելով ԵՄ ընդհանուր քաղաքականությանը։ Եթե այդպես չէ, ապա չեղյալ համարեք այդ օրենքը։ Ի՞նչը ձեզ դուր չի գալիս արտոնյալ գործընկերության եւ համագործակցության մոդելում։ Ինչո՞ւ անպայման հայտարարել ԵՄ-ի հետ այնպիսի մոդել, հարաբերությունների այնպիսի ձեւ կառուցելու ցանկության մասին, որը պոտենցիալ Բրյուսելին գործիք կտա ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ փոխելու իր քաղաքականությունը հակառուսական ուղղությամբ»,- ավելացրել է Դմիտրի Սուսլովը։
Ինչ վերաբերում է այն մտքին, թե Ռուսաստանը պետք է առաջարկի ավելի լավ տարբերակներ, քան ԱՄՆ-ը եւ Եվրոպան, քաղաքագետը, համաձայնություն հայտնելով այս մտքին, ավելացրել է, որ երբ Ռուսաստանը խոսում է ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին, պարտադիր չէ, որ դա նշանակի Ռուսաստանին ընտրել եւ այլ տարբերակներից հրաժարվել: Հարցն այն է, որ Հայաստանը չպետք է քանդի Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները, այլ պետք է պահպանի հավասարակշռությունը մյուսների հետ իր հարաբերություններում եւ փոխշահավետ համագործակցությունը Ռուսաստանի հետ, նշել է քաղաքագետը: Միաժամանակ, նա կասկածներ է հայտնել արեւմտյան շատ առաջարկների օգուտների վերաբերյալ Հայաստանի համար: Որպես օրինակ քաղաքագետը մեջբերել է ԹՐԻՓ-ը, որի 74 տոկոսը չի պատկանի Հայաստանին, այլ անվճար կտրվի ամերիկացիներին: «Ռուսական դիրքորոշումը չի կարող ընդունել, որ պաշտոնական Երեւանը փոխում է հարաբերությունները, քանի որ այլընտրանքային առաջարկներն օբյեկտիվորեն ավելի լավն են: Մեր տեսանկյունից՝ Հայաստանը համաձայնում է պայմաններին այլ խաղացողների հետ, քանի որ ընդունվել է որոշակի քաղաքական գիծ, եւ այն հետեւողականորեն իրականացվում է՝ անկախ առաջարկվող պայմաններից»,- եզրափակել է քաղաքագետը:
