Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսին ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ։
«Կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք»,– ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ մայիսի 28-ին կներկայացվեն նաև հայկական արտադրության զինատեսակները։
Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ մարտունակությանը և հայտարարել, որ բանակը պետությանն առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղության համար։
«Մենք պատրաստվում ենք խաղաղության, որովհետև հասկանում ենք, որ ուժեղ և պաշտպանունակ բանակը շատ կարևոր է խաղաղության համար։ Ուժեղ և պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Բանակի խնդիրը պետք է լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը»,– ասել է Փաշինյանը։
Նշենք, որ մինչ օրս պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ն զինտեխնիկա է ձեռք բերել Բելգիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։
