Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և կառավարության պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 60 մլն դրամ՝ որից՝ 34 մլն դրամը որպես պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռք բերման, իսկ 26 մլն դրամը` դեղերի համար, որոնք որպես մարդասիրական աջակցություն կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։
«Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը»,– նշված է որոշման մեջ։
Որոշմամբ արագ` մեկ անձից գնման ձևով, ձեռք կբերվեն անհրաժեշտ պարենային ապրանքները և սանիտարահիգիենիկ պարագաները։
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
