Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված իր դիփֆեյքերի տարածումը, այդ թվում՝ մեկը, որտեղ նա պատկերված է ներքնազգեստով, այն բանից հետո, երբ դրանք լայնորեն տարածվել են համացանցում, գրում է The Guardian-ը:
«Վերջին օրերին տարածվել են արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված իմ մի քանի կեղծ պատկերներ, որոնք որոշ չափից ավելի եռանդուն հակառակորդներ ներկայացնում են որպես իրական։ Պետք է խոստովանեմ, որ նա, ով ստեղծել է դրանք… նույնիսկ փոքր-ինչ լավացրել է արտաքինս։ Բայց փաստը մնում է փաստ. հարձակվելու և սուտ տարածելու համար մարդիկ այժմ պատրաստ են օգտագործել բացարձակապես ամեն ինչ»,- սոցցանցերում գրել է Մելոնին։
Իր գրառման մեջ Մելոնին կից հրապարակել է արհեստական բանականությամբ գեներացված պատկերը, որտեղ ինքը, ակնհայտորեն, ներքնազգեստով է և նստած է մահճակալին. մի հորինվածք, որը վիրուսային է դարձել և քննադատության ալիք բարձրացրել այն օգտատերերի շրջանում, որոնք պատկերն իրական են համարել:
Իր հայտարարության մեջ Մելոնին դատապարտել է այն, ինչն անվանել է կիբերհալածանքի ձև՝ զգուշացնելով, որ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր գործիք, որն ընդունակ է մարդկանց մոլորեցնելու և վնասելու:
«Այս հարցը դուրս է իմ ըմբռնման սահմաններից։ Դիփֆեյքերը վտանգավոր գործիք են, քանի որ դրանք կարող են խաբել, մանիպուլյացիայի ենթարկել և թիրախավորել ցանկացածին: Ես կարող եմ պաշտպանել ինձ: Շատ ուրիշներ չեն կարող: Այդ պատճառով միշտ պետք է հետևել մեկ կանոնի՝ նախ ստուգեք՝ նախքան հավատալը, և մտածեք՝ նախքան կիսվելը: Որովհետև այսօր դա տեղի է ունենում ինձ հետ, իսկ վաղը կարող է պատահել ում ասես»,- նշել է Իտալիայի վարչապետը։
Արհեստական բանականության և դիփֆեյքերի հետ կապված ռիսկերի դեմ պայքարը դարձել է Մելոնիի կառավարության օրակարգի կենտրոնական կետը:
Անցյալ տարվա սեպտեմբերին Իտալիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որը հաստատեց արհեստական բանականության կիրառումը կարգավորող համապարփակ օրենք, որով բանտարկություն է նախատեսվում նրանց համար, ովքեր տեխնոլոգիան օգտագործում են վնասելու համար, ներառյալ կեղծիքների ստեղծումը, և որով սահմանափակում է երեխաների հասանելիությունը:
Մելոնիի կառավարությունը հայտարարել է, որ օրենսդրությունը, որը համապատասխանեցված է արհեստական բանականության մասին ԵՄ դարակազմիկ օրենքին, վճռորոշ քայլ է դարձել այն հարցում, թե ինչպես է արհեստական բանականությունը մշակվում և օգտագործվում ամբողջ երկրում:
Օրենքն ընդունվել է պոռնոգրաֆիկ կայքի շուրջ ծագած սկանդալից հետո, որտեղ հրապարակվել էին հայտնի իտալացի կանանց, որոնց թվում՝ Մելոնիի և ընդդիմության առաջնորդ Էլլի Շլյայնի կեղծված պատկերները, ինչը վրդովմունք էր հարուցել Իտալիայում:
Լուսանկարները, որոնք վերցվել էին սոցիալական ցանցերից կամ հանրային ելույթներից և համալրվել գռեհիկ, սեքսիստական մակագրություններով, հրապարակվել էին ավելի քան 700 հազար բաժանորդ ունեցող հարթակում: Դրանցից շատերում պատկերված էին տարբեր կուսակցական պատկանելություն ունեցող կին քաղաքական գործիչներ՝ մարմնի մասերն ընդգծելու կամ սեքսուալ դիրքեր ակնարկելու համար մանիպուլյացիաների օգտագործմամբ:
Իտալիայի ոստիկանությունը կարգադրել է փակել կայքը, իսկ Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ, ներառյալ բացահայտ սեքսուալ բնույթի պատկերների ապօրինի տարածումը (այսպես կոչված՝ պոռնո-վրեժ), զրպարտությունը և շորթումը:
