Cancer Research Communications բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքագեղձի քաղցկեղի բջիջները կարողանում են օգտագործել թոքերի բնական վերականգնման մեխանիզմներն իրենց սեփական աճի և տարածման համար:
Գիտնականները հայտնաբերել են, որ թոքերում մետաստազավորվելիս ուռուցքային բջիջներն ակտիվացնում են օրգանզիմի բնական արձագանքը վնասվածքին, սակայն հետո արդյունավետորեն «հափշտակում» են այն:
Երբ քաղցկեղը տարածվում է թոքերում, այն վնասում է ալվեոլները՝ շնչառության համար անհրաժեշտ մանրագույն օդային պարկիկները:
Թոքերի վերականգնման բնականոն գործընթացներն արագ ակտիվանում ենօրգանիզմում: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղի բջիջների առկայության դեպքում այդ գործընթացը չի ավարտվում, այլ երկարաձգվում է, վերածվելով խրոնիկական բորբոքման:
Դա ուռուցքի աճի համար բարենպաստ միջավայր է ստեղծում: Ինչպես նշում է հետազոտության հեղինակը, «թոքը անում է այն, ինչի համար նախատեսված է՝ մաքրում է վնասը և վերականգնվում», սակայն այս դեպքում քաղցկեղի բջիջներն այդ մեխանիզմը օգտագործում են իրենց օգտին:
Ալվեոլային բջիջները, որոնք սովորաբար մասնակցում են հյուսվածքների վերականգնմանը, առանցքային դեր են խաղում: Ուռուցքի հետ ներգործելիս, նրանք սկսում են քաղցկեղի աճը խթանող ազդանշաններ արձակել։ Ի հայտ է գալիս արատավոր շրջան. քաղցկեղի բջիջներն ակտիվացնում են թոքերի բջիջները, որոնք, իրենց հերթին, ուռուցքի հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծում։
Հետազոտողները փորձարկել են նաև Roflumilast դեղամիջոցը, որն արդեն օգտագործվում է խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդության դեպքում։
Մկների վրա փորձարկումների ժամանակ այն ուղղակիորեն չի ոչնչացրել քաղցկեղի բջիջները, սակայն խաթարել է դրանց փոխազդեցությունը թոքերի միջավայրի հետ՝ դանդաղեցնելով ուռուցքի աճը և նվազեցնելով դրանց չափը։
Հեղինակներն ընդգծում են, որ դա մետաստատիկ քաղցկեղի բուժման նոր մոտեցում է բացում՝ թիրախավորելով ոչ միայն ուռուցքային բջիջները, այլև այն միջավայրը, որը նպաստում է դրանց գոյատևմանը և տարածմանը։
Դա հատկապես կարևոր է, քանի որ մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտավորապես մեկ երրորդը զարգացնում է թոքերի վնասվածքներ, իսկ մատչելի բուժումները մնում են սահմանափակ։
Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները, փորձելով պարզել՝ ինչպես կարելի է նման դեղամիջոցները համատեղել քիմիաթերապիայի և իմունաթերապիայի հետ, ինչպես նաև քննարկում են բուժման ինհալացիոն ձևեր ստեղծելու հնարավորությունը, որոնք անմիջական ներգործություն կունենան թոքերի վրա։
