ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իբր գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ ամերիկյան և իսրայելական ավիացիայի հարվածից հետո ստացած ծանր վիրավորման պատճառով վիրահատվելու նպատակով։
Պատասխանելով քուվեյթյան «Al-Jarida» թերթի հրապարակած տեղեկատվության հավաստիության մասին լրագրողների հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը իրավիճակը թողել է առանց պաշտոնական հաստատման կամ հերքման։ «Գիտեք… նմանատիպ հաղորդագրությունները մենք որևէ կերպ չենք մեկնաբանում», — հայտարարել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես պնդում էր Al-Jarida թերթը, Մոջթաբա Խամենեիին ռուսական մայրաքաղաք տեղափոխելու գործողությունն իրականացվել է խստագույն գաղտնիության պայմաններում։ Պարբերականի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Իրանի առաջնորդը, ով վիրավորում էր ստացել փետրվարի 28-ի ավիահարվածների ժամանակ, Մոսկվա է տեղափոխվել ռուսական ռազմական ինքնաթիռով։ Աղբյուրի պնդմամբ՝ ՌԴ տարածքում բուժման նախաձեռնությունն իբր պատկանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այդ տարբերակն առաջարկել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ներկայումս Խամենեին գտնվում է մասնագիտացված բժշկական հաստատությունում, որը տեղակայված է ռուսական նախագահական պալատներից մեկի տարածքում։
