Մարտի 30-ին հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված կրակոցից բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած քննիչները հենց այդ վայրում հայտնաբերել էին  ինքնաձիգից արձակված 55-ից ավելի կրակված պարկուճներ։

Ահազանգով ժամանել են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Կայքի հետ զրույցում Վանաշեն գյուղի բնակիչները, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով. «Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ մարզում իրենց անուններն են շոշափվում։ Ո՞վ է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենա մեկ այլ հանցագործություն։

«Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում՝ վստահ լինելով, որ խնդրին երբ ծանոթանան ՀՀ ՆԳ նախարարը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը, ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ապա Արարատի մարզի իրավապահները կզգաստանան ու միջոցներ կձեռնարկեն՝ այս հանցագործության շղթան նորից մեկ այլ հանցագործությունով չավելացնելու ուղղությամբ»,– գրել է կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանները պարզել էին, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն էր ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մանուկ Հ․-ի, 30-ամյա Արման Հ․-ի և 45-ամյա Գագիկ Ք․-ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել էին միմյանց և հեռացել։

Այնուհետև ժամը 23։00-ի սահմաններում Գագիկ Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Մանուկ Հ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա ու այդ ընթացքում Մանուկ և Արման Հ․-երը դուրս էին եկել փողոց, որից հետո Գագիկ Ք․-ն շարունակել էր ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մանուկ Հ․-ն ստանալով հրազենային վնասվածք տեղափոխվել էր «Վեդի» բժշկական կենտրոն։

Ոստիկանների կողմից Գագիկ Ք․-ն ձերբակալվել և տեղափոխվել էր Արարատի մարզային քրեական վարչություն և ձեռնարկվում էին միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 30-ին զինված ստահակը կրակոցներ արձակում Վանաշեն գյուղի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։

Share.