ՀՀ Կոտայքի մարզում նախընտրական վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ դանակի մի քանի հարված ստացած 50–ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը նշում է, որ ՀՀ ՆԳՆ–ն այսօր` ժամը 19։10–ի սահմաններում տեղեկություն է ստացել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ դանակահարել են մեկ անձի, որն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Shamshyan.com–ի տեղեկություններով` սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50–ամյա Արտաշես է, որին դանակի մի քանի հարված է հասցրել նույն մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան` ոմն Կառլեն։
Ըստ կայքի` պատճառը եղել է այն որ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրի իրենց թեկնածուին, սակայն Արտաշեսը ասել է, որ ունի իր նախընտրելի թեկնածուն։ Նրանք սկսել են վիճել, որի արդյունքում Արտաշեսը դանակահարվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` Արտաշեսը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
