Կոլումբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել American Airlines ավիաընկերության Մեդելինից Մայամի ուղևորվող ինքնաթիռի վրա փամփուշտների անցքեր հայտնաբերելու կապակցությամբ, հաղորդում է ABC News-ը։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնական անձանց հայտարարությամբ՝ նախնական քննությունը ցույց է տալիս, որ ինքնաթիռին հարվածել են կիրակի օրը Մեդելինում վայրէջք կատարելու ժամանակ։

American Airlines ավիաընկերությունը հայտնել է, որ իր թիմը «անցք է հայտնաբերել» օդանավի արտաքին մասում իրականացվող պլանային ստուգման ժամանակ, երբ այն արդեն վերադարձել էր Մայամի։

«Ինքնաթիռն անմիջապես հանվել է շահագործումից՝ հետագա զննման և վերանորոգման նպատակով։ Մենք սերտորեն կհամագործակցենք բոլոր համապատասխան մարմինների հետ՝ այս միջադեպը հետաքննելու համար»,- ասված է ավիաընկերության՝ ABC News-ին տրամադրած հայտարարության մեջ։

Իշխանությունները նշում են, որ իրենց ուշադրության կենտրոնում այն հանցավոր խմբավորումն է, որը կանգնած է այս միջադեպի թիկունքում, սակայն առայժմ որևէ վերջնական եզրակացություն չկա։

Ըստ Flightradar24-ի տվյալների՝ Boeing 737 MAX 8 օդանավը երկուշաբթի առավոտյան Մեդելինից մեկնել է Մայամի, իսկ նույն օրը երեկոյան՝ Մայամիից Դալաս։ Դալաս-Ֆորտ Ուերտը հանդիսանում է American Airlines-ի կենտրոնակայանը և ըստ ավիաընկերության, ինքնաթիռն այնտեղ է ուղարկվել ամբողջական վերանորոգման համար։

American Airlines-ից հայտնել են նաև, որ անսարքությունը որևէ խնդիր չի առաջացրել օդանավի կառավարման հարցում։

Share.