ԿՀՎ-ն, Մոսադը եւ այլ հետախուզական ծառայություններ ողջ աշխարհում ուրբաթ հետեւում էին Նովրուզի տոնակատարությանը, որպեսզի իմանան, թե արդյոք Իրանի նոր հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին կհետեւի հոր ավանդույթին եւ հանդես կգա ամանորյա խոսքով, գրել է Axios-ը։
Ինտրիգն այն է, որ երբ տոնն ավարտվեց, իսկ Մոջթաբա Խամենեիից միայն գրավոր հայտարարություն մնաց, նրա ֆիզիկական վիճակի, գտնվելու վայրի եւ Իրանի ռազմական գործողություններում նրա դերի շուրջ գաղտնիքը դարձավ ավելի առեղծվածային, նշել է լրատվամիջոցը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Axios-ը, զարմանալի չէ, որ Մոջթաբա Խամենեին մնացել է ստվերում։ Նրա հոր սպանությունից հետո Իսրայելը հասկացրել է, որ Մոջթաբան այժմ իր գլխավոր թիրախների ցուցակում առաջինն է։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես հայտարարել է, որ Մոջթաբան «վիրավորվել եւ, հավանաբար, ձեւախեղվել է» հարվածի հետեւանքով, որից մահացել է հայրը։
Սակայն նույնիսկ նախապես ձայնագրված տեսաուղերձի բացակայության պայմաններում Մոջթաբայի լռությունն ավելի աղաղակող է դառնում։
«ԱՄՆ-ը եւ Իսրայելը հետախուզական տվյալներ ունեն, որոնք ցույց են տալիս, որ Մոջթաբան դեռ ողջ է, օրինակ՝ վկայություններ այն մասին, որ իրանցի պաշտոնատար անձինք փորձել են անձնական հանդիպումներ նշանակել նրա հետ (անհաջող՝ անվտանգության նկատառումներից ելնելով)։ Մոջթաբայի հետ կապված գաղտնիքը բացահայտվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի ճեպազրույցների ժամանակ՝ հետախուզության վերաբերյալ»,- գրել է լրատվամիջոցը։
Թրամփի ազգային անվտանգության թիմը դեռեւս աշխատում է՝ պարզելու համար, թե իրականում ով է ղեկավարում Թեհրանը, ասել է ԱՄՆ պաշտոնյան։
«Մենք ապացույցներ չունենք, որ նա իրականում հրամաններ է տալիս»,- Axios-ին ասել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Մոջթաբա Խամենեիի մասին։
«Դա ավելի քան տարօրինակ է։ Մենք չենք կարծում, որ իրանցիներն այդքան ջանք կգործադրեին մահացած մարդուն գերագույն առաջնորդ ընտրելու համար, բայց միեւնույն ժամանակ որեւէ ապացույց չունենք, որ նա կստանձնի ղեկը»,- ասել է ԱՄՆ պաշտոնյան։
Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ Իրանի բոլոր բարձրագույն առաջնորդները «իրենց պահում են ինչպես հետախուզման մեջ գտնվող մարդիկ, տեղաշարժվում են կոնսպիրատիվ տների միջեւ եւ խուսափում են թվային հաղորդակցությունից»։
Մոջթաբա Խամենեիի թելեգրամ ալիքը հրապարակել է Նովրուզի համար գրավոր ուղերձ, որում միասնության կոչ է արվում, ինչպես նաեւ նոր գերագույն առաջնորդի մի քանի լուսանկարներ։
ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ ԿՀՎ-ն փորձում է պարզել, թե արդյոք լուսանկարները վերջերս են արված։ Պաշտոնյան նշել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը տեսաուղերձ է հրապարակել Նովրուզի առիթով՝ չնայած իր սեփական անվտանգությանը սպառնացող վտանգներին։
«Մենք սպասում էինք տեսնել Մոջթաբային այս կամ այն ձեւով։ Նա չօգտվեց հնարավորությունից եւ ավանդույթից,- ավելացրել է ամերիկացի պաշտոնյան։- Սա տագնապի լուրջ ազդանշան է»։
Իր հերթին, Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի իրանական ծրագրի տնօրեն Ռազ Զիմտը նշել է, որ չկա որեւէ ապացույց, որ Մոջթաբա Խամենեին չի ստանձնել իր պարտականությունները, նույնիսկ եթե նրա վնասվածքը եւ անվտանգության հետ կապված մտահոգությունները դժվարացնում են նրա համար իր լիազորությունների լիարժեք իրականացումը։
