Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հավանաբար, կարծում է, որ իրենից հետո իշխանությունը կանցնի դստերը՝ Կիմ Չժու Էին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի հետախուզության տվյալներին։
«Վերջին շրջանում Կիմ Չժու Էն հայտնվել է պաշտպանական արդյունաբերությանն առնչվող ձեռնարկություններում կազմակերպված միջոցառումներին։ Սա գնահատվել է որպես կին ժառանգորդի նկատմամբ առկա թերահավատությունը մեղմելու և իշխանության փոխանցման նարատիվի ձևավորմանն ուղղված ջանքերն արագացնելու փորձ», — ասված է Ազգային հետախուզական ծառայության (NIS) հայտարարության մեջ, որից մեջբերումներ են արել Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորները։
Ըստ Հարավային Կորեայի հետախուզության (NIS)՝ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, ում մամուլում հաճախ անվանում են երկրի երկրորդ դեմքը, իրականում մեծ լիազորություններ չունի։ Քիչ հավանական է նաև, որ նա կարող է դառնալ երկրի հաջորդ ղեկավարը։
Կիմ Չեն Ընը 2022 թվականից սկսած պարբերաբար հանրային միջոցառումներին ներկայանում է դստեր ուղեկցությամբ։ Անցյալ ամիս Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետևել է նոր մարտական տանկերի մասնակցությամբ զորավարժություններին. այդ ժամանակ էլ հենց հրապարակվել էին այն լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես է Կիմ Չժու Էն տանկ վարում։ Բացի այդ, Կիմ Չեն Ընի դուստրը սովորաբար հոր հետ ներկա է լինում զինվորական շքերթներին և պետական տոնակատարություններին։ Ժամանակ առ ժամանակ հյուսիսկորեական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակում նաև Կիմ Չեն Ընի և Կիմ Չժու Էի համատեղ աշխատանքային այցերի մասին։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները 42-ամյա պետության ղեկավարի անձնական կյանքի վերաբերյալ խիստ սահմանափակ տեղեկատվություն են հայտնում։ Այսպիսով, ըստ օտարերկրյա բաց աղբյուրների՝ նա երեք երեխա ունի, սակայն հանրությանը ներկայանում է միայն Կիմ Չժու Էն։
ԿԺԴՀ-ում Կիմ Չժու Էի տարիքի մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Ենթադրվում է, որ նա 12-14 տարեկան է։ Աղջկա մասին տեղեկատվության աղբյուրներից մեկն էլ ամերիկացի նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն է, որը մի քանի տարի առաջ Հյուսիսային Կորեայում հանդիպել էր Կիմ Չեն Ընին և նրա ընտանիքին։
Կիմ Չեն Ընի կնոջ՝ նախկին երգչուհի Լի Սոլ Չժուի տարիքի մասին տեղեկատվությունը նույնպես չի հանրայնացվում։ Ըստ օտարերկրյա աղբյուրների՝ նա 36-ից 41 տարեկան է։
Արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար նյութեր են հրապարակում այն մասին, թե ով կարող է դառնալ Կիմ Չեն Ընի հաջորդը։ Հաճախ նման դատողությունները հիմնավորվում են նրանով, որ նա կարող է առողջական խնդիրներ ունենալ, ինչը ժամանակի ընթացքում կստիպի հանձնել իշխանությունը։
