ԿԺԴՀ-ն պատրաստ է կարգավորելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց գնդակը գտնվում է Վաշինգտոնի կողմում։ Ինչպես  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարում ունեցած իր ելույթի ընթացքում։

«Մենք ինչպես այժմ, այնպես էլ այսուհետև լիովին պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ առճակատմանը, հետևողականորեն պահպանելու գերկոշտ դիրքորոշումը՝ որպես Վաշինգտոնի նկատմամբ  քաղաքականության անփոփոխ հիմք։ Բայց եթե ԱՄՆ-ն հարգի մեր պետության ներկայիս կարգավիճակը, որը ամրագրված է ԿԺԴՀ Սահմանադրությամբ, և հրաժարվի ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունից, մենք պատճառ չենք ունենա չմերձենալու նրանց հետ», – նշել է պետության ղեկավարը։

«Ընդհակառակը, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի մեր նկատմամբ իր նախկին սովորական մոտեցումից և շարունակի մինչև վերջ հանդես գալ առճակատման դիրքորոշմամբ, ապա մենք էլ հետևողականորեն կշարունակենք սիմետրիկ արձագանքումը։ Դրա համար միջոցներն ու մեթոդները բավարար են», – ընդգծել է Կիմ Չեն Ընը։

Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարները կախված են ԱՄՆ մոտեցումից։ «Մենք պատրաստ ենք ինչպես խաղաղ համակեցության, այնպես էլ հավերժական  ​​առճակատման», – ասել է Կիմ Չեն Ընը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն առաջիկա տարիներին կշարունակի ամրապնդել և ընդլայնել իր միջուկային ուժերը:

«Մենք պլանավորում ենք ամեն տարի ամրապնդել պետական  միջուկային զինված ուժերը, կգործադրենք բոլոր ջանքերը՝ միջուկային զենքի քանակի մեծացման, միջուկային միջոցների   ավելացման և դրանց կիրառման միջավայրի ընդլայնման  համար», – ընդգծել է նա՝ հավելելով, որ ուժերի և պատերազմի վարման ունակության ամրապնդումը Կորեայի աշխատավորական կուսակցության հաստատուն քաղաքականությունն է:

Share.