Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: 

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։

Share.