Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ-ի մասնակցությունը լիովին թելադրված է Իսրայելի ցանկություններով և չի ծառայում ԱՄՆ շահերին։
«Ամեն ինչ սկսվեց, որովհետև Իսրայելն այդպես էր ուզում։ Սա Իսրայելի պատերազմն է, ոչ թե ԱՄՆ-ի», – հավելել է նա։
Նրա խոսքով՝ Կատարում և Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ ծրագրող իսրայելական գործակալներ։ Նա հավելել է, որ Իսրայելն արդեն հաջողությամբ վնաս է հասցրել Պարսից ծոցի երկրներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։
Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես միացել է Իսրայելի դեմ պատերազմին։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
